Միջազգային

ԵՄ-ն 90 օրով կասեցնում է ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքերը

Եվրոպական Միությունը որոշում է կայացրել 90 օրով կասեցնել իր նախատեսած պատասխան միջոցառումները, որոնք ուղղված էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի դեմ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ գրառում կատարելով X-ի իր էջում։

«Մենք արձանագրեցինք նախագահ Թրամփի հայտարարությունը։ Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բանակցություններին։ Թեև ավարտում ենք ԵՄ հակամիջոցների ընդունման գործընթացը, որն արժանացել է մեր անդամ պետությունների լայն աջակցությանը, դրանք կասեցնելու ենք 90 օրով», – նշել է ֆոն դեր Լեյենը։

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտնել էր, որ ԱՄՆ-ն 90 օրով կասեցնում է մաքսատուրքերը ավելի քան 75 երկրների համար, իսկ փոխադարձության սահմանաչափը իջեցնում 10%-ի։