Միջազգային

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանտարկյալների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանը ԱՄՆ-ին է փոխանցել Կսենիա Կարելինային, որը ՌԴ-ում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ Ուկրաինայի զինված ուժերի համար միջոցներ հավաքելու մեղադրանքով։ Նրան արդեն դիմավորել է ԿՀՎ-ի տնօրենը․ հայտնում է The Wall Street Journal-ը։

Կսենիա Կարելինան ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկքաղաքացի է։ Նա նախորդ տարի Ռուսաստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝  ԱՄՆ-ում գործող ուկրաինական բարեգործական կազմակերպությանը մոտ 100 դոլար նվիրաբերելու համար։ Այս արարքը ՌԴ-ում որակվել էր որպես դավաճանություն։

Նրան տեղափոխող օդանավն արդեն դեպի ԱՄՆ է թռչում։

Ի պատասխան սրա՝ ԱՄՆ-ն ազատ է արձակել Գերմանիայի և Ռուսաստանի երկքաղաքացի Արթուր Պետրովին, որը 2023 թվականին ձերբակալվել էր Կիպրոսում՝ ԱՄՆ-ի պահանջով, զգայուն միկրոէլեկտրոնիկայի անօրինական արտահանման մեղադրանքով։

ԿՀՎ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ բանտարկյալների փոխանակումը վկայում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսությունը պահպանելու կարևորության մասին։ Սա դիտարկվում է նաև որպես վստահության ամրապնդման նշան՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու համաձայնագրի ձգտման համատեքստում։