Միջազգային

«ԱՄՆ-ն պետք է զսպի Նեթանյահուին». Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն պետք է զսպի Նեթանյահուին և նրա համար հստակ սահմաններ սահմանի։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության է եկել՝ խոստանալով վերջ դնել Պաղեստինի և Ուկրաինայի հակամարտություններին և կանխել նոր համաշխարհային պատերազմը։ «Հիմա, երբ ԱՄՆ-ի նոր վարչակազմը փորձում է աշխարհին որոշակի ուղերձ հղել, առաջանում է իրավիճակ, երբ մեկ այլ խաղացող՝ օգտագործելով ԱՄՆ-ի հնարավորություններն ու աջակցությունը, մարտահարվեր է նետում ԱՄՆ-ին։ Փոխանակ ԱՄՆ-ն զսպեր նրան, նա է սկսում ԱՄՆ-ին «դասեր տալ»։ Սա, իհարկե, նրանց միջև իշխանության համար պայքարի տեսակ է։ Հարցն այն է, թե ով է այս իրավիճակում գլխավորը»,- նշել է Ֆիդանը։ 

Նա ընդգծել է, որ Թրամփը «այն մարդը չէ, որը կհաշտվի ինչ-որ մեկի նկատմամբ հովանավորչությունը համագործակցության քողի տակ թաքցնելու մեթոդի հետ»։ «Նա համակրում է սիոնիզմին, աջակցում է Իսրայելին, և նրա շրջապատը կազմված է այդ ուղղությամբ ընտրված ու նշանակված անձանցից։ Բայց, ի վերջո, նա չի ցանկանա լսել՝ «ահա Իսրայելի մարդը, նա անում է այն ամենը, ինչ Իսրայելն է հրամայում»։ Կարծում եմ՝ նա դա չի ցանկանա։ Իմ կարծիքով, մարդ, որը նման առճակատման մեջ է մտնում աշխարհի հետ, չի խուսափի Նեթանյահուի հետ հաշիվները մաքրելուց»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։