Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն և Եվրոպական հանձնաժողովի առևտրի և տնտեսական անվտանգության հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը տեսազրույցում քննարկել են Չինաստան-ԵՄ տնտեսական և առևտրային հարաբերությունների ամրապնդման ուղիները։
Հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի նկատմամբ՝ սպառնալով դրանք հասցնել մինչև 125 տոկոս։ Թեև Թրամփը որոշ ժամանակով մեղմել է իր սահմանած մաքսատուրքերը մի շարք երկրների համար, Չինաստանի նկատմամբ սահմանափակումները ավելի խստացվել են։
Չինաստանի առևտրի նախարարության հաղորդմամբ՝ կողմերը համաձայնել են վերսկսել բանակցությունները չինական էլեկտրամոբիլների նվազագույն գնի պարտավորությունների շուրջ։ ԵՄ-ն դեռևս հոկտեմբերին լրացուցիչ մինչև 35.3% մաքսատուրք էր կիրառել Չինաստանում արտադրված էլեկտրամոբիլների վրա՝ հակասուբսիդավորման հետաքննության արդյունքներով։
Կողմերը նաև քննարկել են ձեռնարկությունների համար բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման հարցեր, ինչպես նաև համագործակցության շարունակականությունը ԱՀԿ-ի շրջանակներում և կազմակերպության բարեփոխումների խթանումը։
Չինաստանի կառավարությունը ընդգծել է իր պատրաստակամությունը՝ խորացնելու առևտրային, ներդրումային և արդյունաբերական համագործակցությունը Եվրոպական միության հետ, որը, ըստ պաշտոնյաների, կարող է նպաստել գլոբալ տնտեսական կայունությանը։