Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարևոր դեր ունի նոր համաշխարհային կարգի ձևավորման գործում։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում նա հայտարարել է. «Համաշխարհային խաղացողները երբեմն կամավոր, բայց հաճախ՝ ստիպված, ընդունում են, որ առանց Թուրքիայի հաշվարկ կազմելն անհնար է, և նույնիսկ եթե այն կազմվի, հաջողության հասնելու հեռանկար չի ունենա»։
Նրա խոսքով՝ Թուրքիան «մեծ տերությունների խաղերում պարզապես դերակատար չէ, այլ առաջատար խաղացող, որն իրականացնում է սեփական սցենարը»։
Երկրի ղեկավարը նաև զգուշացրել է աշխարհում ծավալվող առևտրային պատերազմի հետևանքների մասին, որը, նրա կարծիքով, կարող է ազդել բոլոր երկրների վրա․ «Մաքսատուրքերով հրահրված առևտրային պատերազմը համաշխարհային հետևանքներ կունենա։ Չափազանցություն չի լինի ասել, որ այն նման է մոտեցող փոթորկի, որը կանդրադառնա բոլորի վրա»,- ասել է նախագահը։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի դիրքերը կօգնեն երկրին՝ հաղթահարել առաջիկա մարտահրավերները։ «Քանի որ մենք այն երկրների թվում ենք, որոնց նկատմամբ կիրառվում են ցածր մաքսեր, ես կարծում եմ, որ մենք այս ժամանակաշրջանը կհաղթահարենք ավելի հեշտ, քան շատ այլ երկրներ», - ընդգծել է նա։