Միջազգային

«Նոր ռազմական հակամարտության սպառնալիքը միշտ կպահպանվի». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի համար ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը «մեծ հիասթափություն էր»։ Ըստ նրա, Հայաստանը հույս ուներ, որ ԱՄՆ-ում ընտրություններից հետո իշխանության ղեկին կմնան դեմոկրատները։

Միաժամանակ նա ասել է, որ, չնայած դրան, Հայաստանի քաղաքական վերնախավում Ադրբեջանի հանդեպ վերաբերմունքի հարցում տարաձայնություններ չկան։

«Խնդիրը միայն բառապաշարի, վարքագծի և մարտավարության մեջ է։ Բովանդակությունը չի փոխվում, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Այլ կերպ ասած՝ քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, և Հայաստանը լիովին չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, որոնք դեռ ամրագրված են նրանց սահմանադրությունում, ինչպես նաև չի ցուցաբերել անկեղծություն՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, նոր ռազմական հակամարտության սպառնալիքը միշտ կպահպանվի», - ընդգծել է Ալիևը։