Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել տնտեսական արտակարգ դրության մասին: Հրամանագիրը նախատեսում է «հրատապ և արտակարգ միջոցներ ձեռնարկել երկրի բոլոր արտադրական հատվածները պաշտպանելու համար», որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է Միացյալ Նահանգների կառավարության սակագնային քաղաքականությամբ:
Հրամանագիրը կգործի հրապարակման օրվանից 60 օր, սակայն դրա գործողությունը կարող է երկարաձգվել:
Փաստաթղթում ԱՄՆ-ի գործողությունները գնահատվում են որպես «միջազգային իրավունքի և առևտրի կանոնների ակնհայտ խախտում», որը հանգեցնում է գլոբալ անկման: Նշվում է, որ արտակարգ միջոցառումներն անհրաժեշտ են բազմակողմանի ագրեսիային հակազդելու և երկրի տնտեսական հավասարակշռությունը պահպանելու համար:
Վենեսուելայի ժողովրդին պաշտպանելու համար արտակարգ միջոցառումները պետք է ենթադրեն տնտեսության կառուցվածքային փոփոխություններ: Հրամանագրի համաձայն՝ կառավարությունը կկասեցնի ֆինանսական ոլորտում սահմանադրական երաշխիքները և կկարողանա ժամանակավորապես վերացնել հարկերը՝ արտադրողներին աջակցելու, հարկերից խուսափելու դեմ պայքարելու, ներդրումները խթանելու, բնակչության կարիքների համար ուղղակիորեն ապրանքներ գնելու համար: