ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Պանամայի ջրանցքը Չինաստանի շարունակական սպառնալիքների առջև է կանգնած, սակայն Նահանգները և Պանաման միասին կապահովեն դրա անվտանգությունը:
Հեգսեթի խոսքերը բուռն արձագանք են առաջացրել Չինաստանում. կառավարությունից հայտարարել են. «Ո՞վ է իրական սպառնալիքը ջրանցքի համար: Մարդիկ իրենք կդատեն»:
Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հետ հանդիպումից հետո՝ Վասկո Նունյես դե Բալբոա ռազմածովային բազայում ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ կառուցված նոր նավամատույցի բացման արարողության ժամանակ, Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Չինաստանին կամ որևէ այլ երկրի վտանգել ջրանցքի գործունեությունը:
«Այդ նպատակով Միացյալ Նահանգները և Պանաման վերջին շաբաթներում ավելի շատ բան են արել մեր պաշտպանության և անվտանգության համագործակցությունն ամրապնդելու համար, քան տասնամյակներ շարունակ», - ասել է նա: