Միջազգային

Բաքուն և Թեհրանը էլեկտրահաղորդման գիծ կկառուցեն

Բաքուն և Թեհրանը նախատեսում են կառուցել էլեկտրահաղորդման գիծ, որը կմիացնի Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանին՝ անցնելով Իրանի տարածքով:

Այս հարցը քննարկվել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հանդիպման ընթացքում:

Բաքվում կայացած հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կամրապնդի երկու երկրների միջև համագործակցությունը էլեկտրաէներգետիկայի ոլորտում:

Տրանսպորտի ոլորտում կողմերն առանձնահատուկ կարևորություն են տվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացմանը: Նաև շեշտվել է «Արևելք-Արևմուտք» միջանցքի զարգացման կարևորությունը, մասնավորապես՝ Աղբանդ (Ադրբեջան) - Քալալա (Իրան) ավտոմոբիլային և երկաթուղային կապի ստեղծումը:

Այս ուղին կապահովի Նախիջևանի հետ ամենակարճ կապը Իրանի տարածքով, ինչպես նաև նախատեսվում է սահմանին ավտոմոբիլային կամուրջների և համապատասխան սահմանային ու մաքսային ենթակառուցվածքների կառուցում: