Միջազգային

«Հըզբոլլահը» պատրաստ է բանակցել զենքի հարցով. Reuters

«Հըզբոլլահի» մի պաշտոնյա «Reuters»-ին հայտնել է, որ պատրաստ են զենքի հարցով բանակցել Լիբանանի նախագահի հետ՝ պայմանով, որ Իսրայելը դուրս բերի իր զորքերը Լիբանանի հարավային 5 բարձունքից և դադարեցնի հարձակումները։

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող նախագահ Ժոզեֆ Աունը, որը հունվարին պաշտոնը ստանձնելիս հայտարարել էր զենքի վերահսկողության բացառիկ պետական իրավասություն հաստատելու նպատակով, մտադիր է առաջիկայում բանակցություններ սկսել։

Զինաթափման հարցը հատկապես սրվեց, երբ անցյալ տարվա Իսրայելի հետ պատերազմը խաթարեց Լիբանանի ուժային հավասարակշռությունը, և Հըզբոլլահի դաշնակից Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը զրկվեց իշխանությունից։

2024 թվականին Իսրայելի հետ պատերազմի արդյունքում «Հըզբոլլահը» զգալի կորուստներ է կրել․ կազմակերպությունը զրկվել է իր ղեկավարության վերնախավից, հազարավոր մարտիկներից, և նրա հրթիռային զինանոցը մեծամասամբ ոչնչացվել է։