Հարավային Կորեան արտակարգ միջոցներ է ձեռնարկում ավտոմոբիլային արդյունաբերության աջակցման համար՝ փորձելով մեղմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի հնարավոր բացասական հետևանքները։ Վերջին տարիներին Կորեայից ավտոմեքենաների արտահանումը դեպի ԱՄՆ զգալիորեն աճել է. գրում է APnews-ը։
Կառավարությունը ֆինանսական աջակցություն, հարկային արտոնություններ և սուբսիդիաներ կտրամադրի, որպեսզի խթանի ներքին պահանջարկը։ Նաև նշվում է, որ Կորեան կփորձի բանակցել ԱՄՆ-ի հետ և աջակցել նոր շուկաների բացմանը։
«Քանի որ հարավկորեական ավտոարտադրողները Միացյալ Նահանգներում համեմատաբար քիչ են արտադրում, մեր արդյունաբերությունն ավելի խոցելի է մաքսատուրքերի առումով»,- նշվում է կառավարության հայտարարության մեջ։
Ըստ կառավարության՝ մաքսատուրքերը կարող են «զգալի» վնաս հասցնել ինչպես ավտոմեքենա, այնպես էլ պահեստամասեր արտադրող կորեական ընկերություններին։
Հարավային Կորեան մինչև 2025 թվականի հունիսը կիջեցնի ավտոմեքենաների գնման հարկը՝ 5 տոկոսից մինչև 3,5 տոկոս։ Էլեկտրական մեքենաների սուբսիդիաները ևս կաճեն՝ ներկայիս 20-40 տոկոսի փոխարեն դառնալով 30-80 տոկոս զեղչ, և նաև կերկարաձգվի դրանց տրամադրման ժամկետը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի մաքսատուրքերին, կառավարությունը հայտարարել է. «Կանենք առավելագույնը, որպեսզի բանակցությունների և երկկողմ համագործակցության միջոցով ապահովենք, որ ԱՄՆ-ն Հարավային Կորեայի նկատմամբ կիրառի նույն պայմանները, ինչ մյուս դաշնակիցների»։