Միջազգային

ՌԴ-ն ողջունել է ԱՄՆ-Իրան բանակցությունների անցկացումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կողմ է Իրանի միջուկային հարցի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը: 

«Անկասկած»,- պատասխանել է նա՝ արձագանքելով հարցին, թե արդյոք Մոսկվան ողջունում է բանակցությունների մեկնարկը: «Մենք բազմիցս ասել ենք, որ կողմ ենք Իրանի միջուկային դոսյեի խնդրի լուծմանը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: Եթե այդպես լինի, դա կարելի է միայն ողջունել»,- ընդգծել է Պեսկովը: 

«Մենք գիտենք, որ Օմանում նախատեսվում են ուղղակի և անուղղակի շփումներ: Դա ողջունելի է, քանի որ կարող է նվազեցնել Իրանի շուրջ լարվածությունը»,- ավելացրել է նա: 

Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին առաջարկել է բանակցել միջուկային ծրագրի շուրջ: Երկուշաբթի հայտնի դարձավ, որ նամակագրությունից հետո կողմերը պայմանավորվել են ապրիլի 12-ին Օմանում անցկացնել առաջին բանակցությունները: