ԱՄՆ վարչակազմի հետ կապ են հաստատել «50, 60, գուցեև 70 երկրներ»՝ «հայելային» մաքսատուրքեր սահմանելու շուրջ բանակցություններ սկսելու խնդրանքով։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը՝ խոսելով այլ երկրների հետ ԱՄՆ-ի սակագնային բանակցությունների մասին։
«Ապրիլը, մայիսը կամ գուցեև ամբողջ հունիսը լարված կլինեն»,- նշել է նա։ «Մենք գտնվում ենք սակագների առավելագույն մակարդակի վրա, և հույս ունեմ, որ լավ բանակցությունների արդյունքում կհասնենք դրա իջեցմանը։ Սակայն դա կախված կլինի այլ երկրներից։ Նախագահ Թրամփը պատրաստվում է անձամբ մասնակցել այդ բանակցություններին, և նա, ինչպես մեզանից շատերը, համոզված է, որ խաղի պայմաններն անարդար են։ Ուստի բանակցությունները կոշտ կլինեն»։ Այսպես է արտահայտվել Բեսենտը՝ ընդգծելով, որ դա վերաբերում է այն երկրներին, որոնք հակաքայլեր չեն ձեռնարկում։
Նա այսպես է պատասխանել Ճապոնիայի հետ առևտրային գործարքի շուրջ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում բանակցություններ սկսելու հնարավորության մասին հարցին։
ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը նշել է, որ Ճապոնիան, ըստ իր ակնկալիքի, առաջնահերթություն կստանա, քանի որ «նրանք արագ արձագանքեցին»։ Նա հիշատակել է նաև ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև ռազմավարական ու տնտեսական կարևոր կապերը։
Իր ելույթում Բեսենտը պաշտպանել է Թրամփի վարչակազմի քաղաքականությունը՝ որպես հիմնավորում նշելով առևտրային դեֆիցիտը՝ որոշ երկրների նկատմամբ փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու համար։ Նա նաև ավելացրել է. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ոչ սակագնային արգելքներն են ԱՄՆ-ի համար հիմնական խոչընդոտը, չնայած այն հանգամանքին, որ մենք այդ շուկաներին ազատ և հավասար մուտք ունենք»։