Եթե կարիք լինի, Մոսկվան պատրաստ է օգնել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին. հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
«Հիմա Օմանում ընթանում են բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի միջև: Մենք հույս ունենք, որ մեր միջամտության կարիքը չի լինի։ Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, իհարկե, մենք կտրամադրենք ամեն տեսակի աջակցություն»,- ասել է նա։
Փոխնախարարը շեշտել է, որ Ռուսաստանը մշտապես աջակցում է, երբ խոսքը վերաբերում է որևէ ճգնաժամի կամ հակամարտության խաղաղ լուծմանը: «Սա վերաբերում է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին»,- վստահեցրել է դիվանագետը:
Ռուդենկոն նաև նշել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի կնքումը չի նշանակում Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմական դաշինքի ստեղծում:
«Ուզում եմ ընդգծել, որ այս պայմանագրի կնքումը չի նշանակում Իրանի հետ ռազմական դաշինքի ձևավորում և ռազմական փոխօգնություն միմյանց»,- ասել է նա:
Ռուդենկոն նշել է, որ նոր ռազմավարական գործընկերության պայմանագրով Ռուսաստանը պարտավոր չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանին. «Բայց երրորդ հոդվածով, եթե մեկը հարձակվի մյուսի վրա, կողմերը չեն օգնի ագրեսորին և կօգնեն խնդիրը լուծել՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոններով»,- ավելացրել է նա: