Միջազգային

Դատարանը մերժել է Բելգիայի արքայազնի հայցը

Բրյուսելի դատարանը մերժել է Բելգիայի արքայազն Լորենի՝ արքայական կրթաթոշակից բացի այլ սոցիալական ապահովագրության նպաստներ ստանալու հայցը։

61-ամյա արքայազնը, որը նախկին թագավորական զույգի կրտսեր որդին է, պնդում է՝ իր աշխատանքը նույն իրավունքներ է տալիս, ինչ  ինքնազբաղված ձեռներեցներին։ Սակայն դատարանը որոշել է, որ նրա պարտականություններն ավելի նման են պետական ծառայողի պարտականություններին։ 

Արքայազնի փաստաբան Օլիվյե Ռիքարը հայտարարել է, որ իր հաճախորդը դիտարկում է վերաքննիչ դատարան դիմելու հնարավորությունը։ 

Հիշեցնենք, որ 2018 թվականին Լորենի տարեկան կրթաթոշակը կրճատվել էր 15%-ով՝ օտարերկրյա պաշտոնյաների հետ չհամաձայնեցված հանդիպումների համար։ Անցյալ տարի նա պետական բյուջեից ստացել է 388 հազար եվրո։

«Խնդիրը գումարի մեջ չէ, այլ՝ սկզբունքի»,- ասել է արքայազնը՝ հավելելով,- «Երբ միգրանտ է գալիս Բելգիա, նրան տրվում է այդ իրավունքը։ Ես նույնպես կարող եմ միգրանտ համարվել, բայց այն միգրանտ, որի ընտանիքը հիմնադրել է այս պետությունը»։ 

Սա առաջին դեպքն է Բելգիայի թագավորության 200-ամյա պատմության մեջ, երբ արքայական ընտանիքի անդամը փորձել է սոցիալական ապահովագրության նպաստներ ստանալ։