Amnesty International-ի վերջին զեկույցի համաձայն՝ 2024-ին աշխարհում մահապատժի է ենթարկվել 1518 մարդ, ինչը 32%-ով ավել է, քան 2023-ին: Միևնույն ժամանակ, փոքր-ինչ նվազել է մահապատիժ կիրառող երկրների թիվը՝ 16-ից դառնալով 15. գրում է BBC-ն։
Կազմակերպության տվյալներով՝ անցած տարի գրանցված մահապատիժների թիվն ամենաբարձրն է եղել 2015-ից ի վեր:
Ենթադրվում է, որ Չինաստանն աշխարհում ամենաշատ մահապատիժներ իրականացնող երկիրն է, սակայն ճշգրիտ տվյալներ չկան, քանի որ այնտեղ դրանք պետական գաղտնիք են համարվում․ նշում է Amnesty-ն:
Վիետնամը և Հյուսիսային Կորեան նույնպես լայնորեն կիրառում են մահապատիժ, բայց այդ երկրները տվյալներ չեն հրապարակում:
Հաշվի առնելով հավաստի տեղեկությունները՝ Իրանը առաջատարն է մահապատիժների թվով: Amnesty-ի գլխավոր քարտուղար Անյես Կալամարի խոսքով՝ Իրանում, Իրաքում և Սաուդյան Արաբիայում ի կատար է ածվում ընդհ․ մահապատիժների 91%-ը:
Զեկույցում նշվում է, որ 2024-ին Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 972 մարդ, այդ թվում՝ 30 կին: 2023-ին այդ թիվը 853 էր: Իրանցի իրավապաշտպանները դա կապում են երկրում քաղաքական անկայունության հետ:
Հարևան Սաուդյան Արաբիայում 2024-ին մահապատժի է ենթարկվել 345 մարդ, իսկ Իրաքում՝ 63:
Amnesty-ի տվյալներով՝ Իրանն ու Սոմալին մահապատժի են ենթարկել 4-ական անչափահասի: Իսկ Իրանն ու Աֆղանստանը 2024-ին կատարել են հանրային մահապատիժներ:
Amnesty-ն կարծում է, որ Չինաստանը մահապատիժ է կիրառում կոռուպցիայի և թմրանյութերի առևտրի համար՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձևը, որով մահապատիժը պետք է սահմանի միայն «ամենածանր հանցագործությունների» համար: Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի՝ դրանք կապված են միայն կանխամտածված սպանության հետ: Թմրանյութերի հետ կապված կամ սեռական բնույթի հանցագործությունները չեն համապատասխանում այդ չափանիշին: