Միացյալ Թագավորության թագավոր Կարլ III-ը և նրա կինը՝ թագուհի Կամիլան, պաշտոնական այցով ժամանել են Իտալիա: Այցը կտևի չորս օր:
BBC-ի թագավորական ընտանիքի հարցերով թղթակից Շոն Կոֆլանը Հռոմից հայտնում է, որ թագավորական զույգը վայրէջք է կատարել Հռոմի «Չամպինո» օդանավակայանում: Նրանց դիմավորել են պատվո պահակախումբը, Իտալիայի կառավարության ներկայացուցիչները և Միացյալ Թագավորության դեսպան Էդվարդ Լլևելինը, որն այցը «պատմական» է անվանել:
«Այս պաշտոնական այցը տեղի է ունենում կարևոր պահի, երբ մենք վերականգնում ենք մեր հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ»,- ասել է դեսպանը:
Սկզբում նախատեսված էր, որ այցը կներառի Վատիկան այցելություն, սակայն ծրագիրը փոխվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հիվանդության պատճառով: Պապը, ով ապաքինվում է և հինգշաբաթյա բուժումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից, հանգստյան օրերին հայտնվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում: Սակայն առայժմ Կարլ III-ի և Ֆրանցիսկոսի անձնական հանդիպում նախատեսված չէ: