Ուկրաինան նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ և ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստ՝ Ռուսաստանի կողմից Կրիվոյ Ռոգի վրա մահաբեր հարձակումից հետո: Այս մասին ապրիլի 7-ին X-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ՌԴ-ն ապրիլի 4-ին հարձակվել է Կրիվոյ Ռոգի վրա՝ սպանելով 20 մարդ և վիրավորելով 75-ին: Թեև Ռուսաստանը պնդում է, որ թիրախավորել է ռազմական օբյեկտներ, տեսահսկման տեսախցիկների վերջերս հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ հարվածի վայրում ռազմական օբյեկտներ չեն եղել:
«Անցյալ շաբաթ Կրիվոյ Ռոգի վրա Ռուսաստանի բալիստիկ հարվածի հետևանքով սպանվել է 9 երեխա։ Սա 2022-ից ի վեր մեկ հարձակմամբ սպանված ուկրաինացի երեխաների ամենամեծ թիվն է: Ռուսաստանը հարվածել է սովորական բնակելի թաղամասի խաղահրապարակներին՝ օգտագործելով կասետային մարտագլխիկ՝ զոհերի թիվը մեծացնելու համար»,- ավելացրել է Սիբիգան:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ նիստերը նախատեսված են ապրիլի 8-ին։
Սիբիգան կոչ է արել «վճռական միջազգային պատասխան» Ռուսաստանի «դաժանություններին»։