Միջազգային

Չինաստանն ԱՄՆ-ից պահանջում է հավասարություն և հարգանք առևտրային բանակցություններում

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը ճեպազրույցում հայտարարել է, որ եթե Վաշինգտոնն իսկապես ցանկանում է Պեկինի հետ առևտրային բանակցություններ վարել, պետք է հավասարության և հարգանքի դիրքերից հանդես գա:

Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ի վերջին քայլերը ցույց չեն տալիս լուրջ երկխոսության պատրաստակամություն․

«Եթե ԱՄՆ-ն անկեղծորեն ցանկանում է բանակցել, պետք է ընտրի հավասարության, հարգանքի և փոխադարձության սկզբունքները»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այժմ ընթանում են առևտրային բանակցություններ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև:

Լին Ցզյանը ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն անտեսի երկու երկրների և միջազգային հանրության շահերը՝ սկսելով մաքսատուրքերի կամ առևտրային պատերազմ, ապա «Չինաստանը կպայքարի մինչև վերջ»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։