Միջազգային

«Մոսկվան փոխզիջում է փնտրում Բաքվի հետ». Պրիմակով

Ռուսաստանը և Ադրբեջանը ցուցաբերում են կառուցողական մոտեցում՝ նպատակ ունենալով հասնել փոխզիջման և վերականգնել Բաքվում Ռուսական տան լիարժեք գործունեությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը։

«Ներկայումս մշակութային և հումանիտար դիվանագիտության հիմնական աշխատանքը Բաքվում իրականացվում է Ռուսաստանի դեսպանատան միջոցով։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ՝ փոխզիջման հասնելու նպատակով։ Կարծում եմ՝ երկու կողմն էլ հանդես են գալիս կառուցողական ու լավատեսական դիրքերից։ Մենք հույս ունենք, որ կհաջողվի համաձայնության գալ, և Ռուսական տունը կվերսկսի իր լիարժեք գործունեությունը»,- նշել է Պրիմակովը։

Նա ընդգծել է, որ Ռուսական տունը երբեք քաղաքական գործունեություն չի ծավալել, այլ կենտրոնացել է բացառապես մշակութային փոխանակման վրա։

«Մենք մի քանի անգամ դիմել ենք Ադրբեջանի իշխանություններին և տարբեր ձևաչափերով քննարկել ենք այս հարցը՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ապահովել իրավաբանական գրանցումը։ Քանի որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն դաշնային գործակալություն է, դժվար է պատկերացնել դրա ներկայացուցչության գրանցումը որպես տեղական հասարակական կազմակերպություն։ Իրավաբանական տեսանկյունից խնդիրը բարդ է։ Մենք փորձել ենք լուծում գտնել ադրբեջանցի գործընկերների հետ, սակայն առայժմ արդյունքի չենք հասել։ Հարցը դեռ քննարկման փուլում է»,- նշել է նա։

2025 թվականի փետրվարին ՌԴ դեսպանատունը Ադրբեջանից նոտա է ստացել՝ պահանջով դադարեցնել Ռուսական տան գործունեությունը, քանի որ այն գրանցված չէ։ 

«Սակայն կարևոր է, որ Ադրբեջանը չի խզել 1997 թվականի համաձայնագիրը. այն շարունակում է մնալ ուժի մեջ»,- հավելել է նա։