Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Հունգարիայից ԱՄՆ ուղևորվող ինքնաթիռը սովորականից 400 կմ ավելի երկար ճանապարհ է անցել՝ խուսափելով այն երկրների օդային տարածքներից, որոնք կարող էին կատարել Միջազգային քրեական դատարանի տված կալանավորման օրդերը: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում կատարելով Haaretz թերթին:
Անցյալ տարվա նոյեմբերին ՄՔԴ-ն կալանավորման օրդեր էր հրապարակել Նեթանյահուի և նրա նախկին պաշտպանության նախարարի դեմ՝ Գազայում պաղեստինցիների նկատմամբ ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար:
Haaretz-ի զեկույցի համաձայն՝ Իսրայելը մտավախություն ունի, որ Իռլանդիան, Իսլանդիան և Նիդեռլանդները կարող են միջոցներ ձեռնարկել օրդերները կատարելու համար:
Ներկայումս Նեթանյահուն Վաշինգտոնում է՝ նախագահ Թրամփի հետ հանդիպման նպատակով: Նա ժամանել է Հունգարիայից, որտեղ բանակցություններ էր վարել վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:
Նեթանյահուի՝ Հունգարիա կատարած այցից առաջ Օրբանի կառավարությունը հայտարարել էր Հռոմի կանոնադրությունից դուրս գալու մասին, որը պարտավորեցնում էր կալանավորել և հանձնել ՄՔԴ-ի կողմից հետախուզվող անձանց: Օրբանը նաև հստակ հայտարարել էր Նեթանյահուի ժամանումից առաջ, որ իր կառավարությունը չի կատարելու ՄՔԴ-ի կալանավորման օրդերները, չնայած Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու որոշումն ուժի մեջ կմտնի միայն մեկ տարի անց: