Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը վերսկսելուց հետո մեծացրել է իր վերահսկողությունը Գազայի հատվածում, հայտնում է The Associated Press-ը: Հիմա Իսրայելը գրավել է Գազայի տարածքի ավելի քան կեսը՝ պաղեստինցիներին ստիպելով ապրել ավելի փոքր ու սահմանափակ տարածքներում:
Բանակի վերահսկողության տակ գտնվող ամենամեծ տարածքը Գազայի սահմանին է: Ըստ իսրայելցի զինվորների և իրավապաշտպանների, այդտեղ զինվորականները քանդել են պաղեստինցիների տները, հողատարածքներն ու կառույցները՝ վերածելով դրանք անբնակ վայրերի: Այս բուֆերային գոտին, որը ռազմական նպատակներով է ստեղծվել, վերջին շաբաթներին կրկնակի մեծացել է:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անցյալ շաբաթ ասել է, որ ՀԱՄԱՍ-ին հաղթելուց հետո էլ Իսրայելը կշարունակի վերահսկել Գազայի անվտանգությունը և կդրդի պաղեստինցիներին հեռանալ այնտեղից:
Իսրայելի սահմանին մոտ գտնվող տարածքների քանդումը և բուֆերային գոտու ընդլայնումը սկսվել են 18 ամիս առաջ՝ պատերազմի սկզբից. The Associated Press-ին հայտնել են զինվորականները։