Միջազգային

«Արհեստական ​բանականության զարգացումը պետք է կարգավորվի միջազգային փաստաթղթերի համաձայն». ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակություն

Ապրիլի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը համահեղինակել է «Անվտանգ, ներառական, հուսալի արհեստական ​​բանականության օգտագործումը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Arria Formula ձևաչափով հանդիպում՝ կազմակերպված Հունաստանի, Ֆրանսիայի և Կորեայի Հանրապետության պատվիրակությունների կողմից: 

Հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է, որ արհեստական ​բանականության կարողությունների զարգացումը պետք է կարգավորվի միջազգային իրավական փաստաթղթերի համաձայն, որպեսզի մեղմվեն արհեստական ​​բանականության հնարավոր չարաշահման ռիսկերը: Վերահաստատել է, որ միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը լիովին կիրառելի են բոլոր զինատեսակների օգտագործման համար, ներառյալ այն զենքերի, որոնցում ներդրված են արհեստական ​​բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ: Կարևորվել է ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը։