Կենտրոնական Ասիայի երկրները և Եվրոպական Միությունը (ԵՄ) ընդունել են համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է ռազմավարական գործընկերության հաստատում երկու տարածաշրջանների միջև: Հռչակագիրը ընդունվել է Սամարղանդում կայացած «Կենտրոնական Ասիա-Եվրամիություն» առաջին գագաթնաժողովի արդյունքներով:
Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 4-ին Սամարղանդում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի նախագահությամբ տեղի է ունեցել «Կենտրոնական Ասիա-Եվրոպական Միություն» առաջին գագաթնաժողովը: Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարները:
Գագաթնաժողովի օրակարգում քննարկվել են Կենտրոնական Ասիայի պետությունների և Եվրոպական Միության միջև բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և գործնական փոխգործակցության խորացման հնարավորությունները: Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցերի շուրջ:
Հատուկ ուշադրություն է դարձվել ներդրումային համագործակցության ընդլայնմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, ինչպես նաև նորարարության, «կանաչ» էներգետիկայի, արդյունահանող արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի և թվայնացման ոլորտներում համատեղ ծրագրերի ու կոոպերացիոն նախագծերի առաջմղմանը: Բացի այդ, ընդգծվել է մշակույթի, զբոսաշրջության, գիտության, կրթության և այլ առաջնային ուղղություններով ակտիվ փոխանակումների շարունակման կարևորությունը: