ԱՄՆ-ն շարունակում է աջակցել ՆԱՏՕ-ին և կմնա նրա ակտիվ անդամ․ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բրյուսելում՝ դաշինքի արտգործնախարարների հանդիպումից առաջ։
«Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ն է, նա նույնքան ակտիվ է ՆԱՏՕ-ում, որքան միշտ։ Եվ այս ամբողջ հիստերիան և ենթադրությունները, որոնք տեսել եմ լրատվամիջոցներում, անհիմն են», - ասել է Ռուբիոն:
Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է դաշինքին, սակայն ցանկանում է, որ «ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ և կարող լինի»:
«Մենք ցանկանում ենք հեռանալ այստեղից հստակ ըմբռնումով, որ մենք իրատեսական ուղու վրա ենք, որպեսզի անդամ երկրներից յուրաքանչյուրը պարտավորվի և կատարի 5 տոկոս պաշտպանական ծախսերի հասնելու խոստումը։ Սա ներառում է նաև Միացյալ Նահանգները՝ այդ տոկոսը մեծացնելու համար: Որովհետև սպառնալիքներն իսկապես լուրջ են», – ընդգծել է պետքարտուղարը։
Ռուբիոն վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով դաշինքը կկարողանա զարգացնել այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են անդամ երկրներից յուրաքանչյուրի տարածքի պաշտպանության և ցանկացած ագրեսորի զսպման համար: