Միջազգային

«Պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ ի նպաստ խաղաղության». Լավրով

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ուղերձում ասել է.

«Հարգելի Արարատ Սամվելի

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ: Այս իրադարձությունը սկիզբ դրեց Մոսկվայի և Երևանի երկկողմ կապերի ժամանակակից փուլին։ Հենվելով հոգևոր և բարոյական արժեքների ընդհանրության, միջոլորտային և հումանիտար շփումների ավանդական ամրության վրա՝ Ռուսաստանն ու Հայաստանը ձեռք են բերել ամուր իրավապայմանագրային բազա, կառուցել բազմակողմ, իրավահավասար, փոխշահավետ հարաբերություններ։

Չնայած ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները սասանելու արտաքին փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքական համակարգման բարձր մակարդակը, ավելացնել առևտրատնտեսական հարաբերությունները ինչպես երկկողմ գծով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն տարածքի ձևաչափով։

Պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ գործընկերության արդյունավետության հետագա խորացման և կատարելագործման նպատակով՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման: Մաղթում եմ ձեզ և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բոլոր աշխատակիցներին քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ, իսկ եղբայրական հայ ժողովրդին՝ բարգավաճում»,-ասված է ուղերձում։