Միջազգային

Իսրայելը Գազայում մեծացնում է «անվտանգության գոտիները»

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինվորականները կընդլայնեն իրենց գործողությունները Գազայում և կզբաղեցնեն տարածքի «մեծ հատվածներ»՝ դրանք ներառելով իսրայելական բանակի կողմից ստեղծված այսպես կոչված «անվտանգության գոտիներում»: Նախարարի խոսքով՝ գործողության ընդլայնումը նպատակ ունի մաքրել շրջանը ահաբեկիչներից և ահաբեկչական ենթակառուցվածքներից և ոչնչացնել դրանք: Ըստ նրա՝ սա կպահանջի պաղեստինցիների լայնածավալ տարհանում:

Իսրայելցի զինվորականներն արդեն զգուշացրել են Գազայի հատվածի բնակիչներին տարհանման մասին, որոնք բնակվում են անկլավի հարավում գտնվող Ռաֆահ և Խան Յունիս քաղաքների շրջաններում՝ նրանց հրամայելով տեղափոխվել Ալ Մավասի շրջան, որն ավելի վաղ հայտարարվել էր հումանիտար գոտի:

Կացը հայտարարել է, որ տարհանումն իրականացվելու է այն շրջաններից, որտեղ մարտեր են ընթանում, և կոչ է արել Գազայի բնակիչներին ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և վերադարձնել իսրայելցի պատանդներին՝ նշելով, որ դա պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է: Կացի հայտարարության մեջ չի հստակեցվում, թե Իսրայելը որ տարածքներն է մտադիր զբաղեցնել: