Միջազգային

Դեղագործական ընկերությունները ճնշում են Թրամփին. Reuters

Դեղագործական ընկերություններն ակտիվ ճնշում են բանեցնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ ներմուծվող դեղագործական արտադրանքի մաքսատուրքերը փուլային եղանակով ներդնելու համար։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս ընկերություններն ակնկալում են այդպիսով մեղմել սակագների ազդեցությունը և բավարար ժամանակ ձեռք բերել արտադրությունը տեղափոխելու համար։

Ակնկալվում է, որ Թրամփը չորեքշաբթի օրը կհայտարարի մաքսատուրքերի լայնածավալ ծրագրի մասին։ Կիրակի օրը նախագահը նշել է, որ իր կողմից հայտարարվելիք փոխադարձ մաքսատուրքերը կտարածվեն բոլոր երկրների վրա, այլ ոչ թե միայն առևտրային ամենամեծ անհավասարակշռություն ունեցող 10-15 երկրների։

Նա նաև հաստատել է, որ մոտ ապագայում մաքսատուրքեր կսահմանի դեղագործական արդյունաբերության վրա, որը նախկին առևտրային հակամարտությունների ընթացքում ազատված էր նման միջոցառումներից՝ ի տարբերություն այլ ոլորտների։

Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը չորեքշաբթի օրը չի հայտարարի դեղագործական մաքսատուրքերի մանրամասները։

Այնուամենայնիվ, խոշոր բազմազգ դեղագործական ընկերություններն այժմ համոզված են, որ բժշկական արտադրանքին ուղղված ԱՄՆ մաքսատուրքերն անխուսափելի են։ Նրանք հույս ունեն ձեռք բերել 25% մաքսատուրքի աստիճանական ներդրում, որի մասին զգուշացրել է նախագահը, այլ ոչ թե անմիջապես 25%-ի կիրառում առաջին օրվանից, հայտնել են չորս տեղեկացված աղբյուրներ։