Միջազգային

Սերբիան և Հունգարիան ռազմական դաշինք կստեղծեն

Սերբիան և Հունգարիան հստակեցրել են 2025 թվականին ռազմավարական համագործակցությունը պաշտպանության ոլորտում և նախատեսել են առավելագույն քանակի համատեղ միջոցառումներ՝ մոտեցնելու համար պաշտոնական Բելգրադի և Բուդապեշտի միջև ապագա ռազմական դաշինքի ստեղծումը․ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիչկին երեքշաբթի ժամանել է Սերբիա, որտեղ նրան Բելգրադի մերձակայքում գտնվող Բատայնիցեի ռազմական օդանավակայանում հանդիսավոր դիմավորել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը։ Այնուհետև Հունգարիայի պաշտպանության նախարարին ընդունել է Սերբիայի նախագահը։ Վուչիչի ներկայությամբ նախարարները ստորագրել են 2025 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլանը և Սերբիայի ու Հունգարիայի միջև պաշտպանության ոլորտում ռազմավարական համագործակցության իրականացման փաստաթուղթը։

«Սերբիայի և Հունգարիայի պաշտպանության նախարարությունները 2025 թվականի համար ծրագրել են 79 համատեղ միջոցառում, այդ թվում՝ զորավարժություններ, ինչը ռեկորդային թիվ է՝ համեմատած 2023 թվականի 48-ի հետ։ Այս համատեղ գործունեության մասին պայմանագիրը կնպաստի Սերբիայի և Հունգարիայի միջև ռազմական դաշինքի կամ միության ստեղծմանը մոտենալուն»,- հայտարարել է Վուչիչը։