«Կատարգեյթ» անունը ստացած սկանդալի գործով հարցաքննվել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն. հայտնում է BBC-ն։
Նա ցուցմունք է տվել Երուսաղեմում գտնվող իր գրասենյակում՝ հանդիպելով ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներին: Նրանց հետ հանդիպմանը հասցնելու համար Նեթանյահուն ստիպված է եղել երկուշաբթի առավոտյան ավելի վաղ լքել Թել Ավիվի շրջանային դատարանը, որտեղ նա ցուցմունք էր տալիս իրեն առաջադրված կոռուպցիայի մեղադրանքով մեկ այլ քրեական գործի շրջանակում:
Այդուհանդերձ, այդ գործընթացն այժմ համեմատաբար թեթև է թվում «Կատարգեյթի» հետ համեմատած՝ հետաքննության, որը վերաբերում է վարչապետի խորհրդականների՝ Կատարի շահերը լոբբինգի միջոցով առաջ տանելու ենթադրյալ մասնակցությանը:
Առայժմ Նեթանյահուն այս հետաքննության մեջ հանդես է գալիս որպես վկա, ոչ թե կասկածյալ: Մինչդեռ երկուշաբթի օրը ոստիկանությունը ձերբակալել է նրա երկու գլխավոր օգնականներին՝ Ջոնաթան Ուրիխին և Էլի Ֆելդշտեյնին, որոնք համարվում են գործի հիմնական կասկածյալներ:
Իսրայելական աղբյուրների համաձայն՝ Նեթանյահուի ցուցմունքները մանրակրկիտ կուսումնասիրվեն, որից հետո Գլխավոր դատախազությունը կորոշի՝ արդյոք հիմքեր կան վարչապետի կարգավիճակը այս գործում փոխելու համար: