Միջազգային

Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահները համատեղ պայմանագիր են ստորագրել

Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը, Սադիր Ժապարովը և Շավքաթ Միրզիյոևը մարտի 31-ին պայմանագիր են ստորագրել երեք երկրների՝ նախկին խորհրդային հանրապետությունների պետական սահմանների միացման կետի մասին: Արարողությունը տեղի է ունեցել Տաջիկստանի հյուսիսում գտնվող Սողդիայի մարզի վարչական կենտրոն Խուջանդում կայացած հանդիպման շրջանակներում:  

«Ընդգծվել է, որ այդ փաստաթուղթը, ինչպես նաև երեք երկրների պետական սահմանների միացման կետի մասին ընդունված պայմանագիրը կծառայեն կայունության և տևական զարգացման նպատակների ապահովմանը, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի միջազգային հեղինակության բարձրացմանը», - ասված է Ուզբեկստանի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:  

Սահմանային հանգույցում տեղադրվել է հուշաքար՝ խորհրդանշելով բարեկամությունը: Գագաթնաժողովի ընթացքում նախագահները ստորագրել են նաև «Հավերժական բարեկամության մասին Խուջանդի հռչակագիրը»: