Միջազգային

Սթարմերն ու Թրամփը պայմանավորվել են Պուտինի վրա ճնշումը շարունակելու մասին

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նրան տեղեկացրել Ուկրաինային աջակցելու նպատակով երկրների կոալիցիայի գագաթնաժողովի արդյունքների մասին, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Փարիզում: Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը:

Հաղորդագրության համաձայն՝ զրույցի սկզբում Թրամփը քաջառողջություն է մաղթել Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին:

«Առաջնորդները քննարկել են Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի վերաբերյալ իրենց թիմերի միջև ընթացող արդյունավետ բանակցությունները: Նրանք պայմանավորվել են, որ այդ բանակցությունները կշարունակվեն նույն տեմպերով ընթացիկ շաբաթվա ընթացքում»,- հայտնել են Դաունինգ սթրիթից:

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի հարցին, վարչապետը նախագահին տեղեկացրել է Փարիզում այս շաբաթ տեղի ունեցած կամավորների կոալիցիայի հանդիպման ընթացքում կայացած արդյունավետ քննարկումների մասին: Առաջնորդները համաձայնության են եկել Պուտինի վրա համատեղ ճնշումը շարունակելու անհրաժեշտության շուրջ: Նրանք պայմանավորվել են առաջիկա օրերին կապի մեջ մնալ»,- նշել են Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակից: