ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան Վաշինգտոն վերադառնալիս անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը: Նա դժգոհել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից, սակայն խոսել է ավելի մեղմ տոնով, քան նախկինում:
«Ես չեմ կարծում, որ Պուտինը կխախտի իր խոսքը»,- ասել է նա,- «Ես նրան վաղուց եմ ճանաչում: Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել»:
Խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամկետների մասին Թրամփը ասել է, որ գոյություն ունի «հոգեբանական վերջնաժամկետ»: «Եթե կարծեմ, որ նրանք ձգձգում են, ես դժգոհ կլինեմ», - հավելել է նա:
Այնուհետև Թրամփը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ասելով. «Նա փորձում է հրաժարվել հազվագյուտ հողային մետաղների գործարքից։ Եվ եթե նա դա անի, խնդիրներ կունենա՝ մեծ, շատ մեծ խնդիրներ»։
Թրամփի խոսքով՝ Զելենսկին ցանկանում է «վերանայել գործարքը»՝ ավելի հուսալի անվտանգության երաշխիքներ ստանալու համար: «Նա ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Բայց նա երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Նա դա հասկանում է», - եզրափակել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը, ինքը երկրորդային մաքսատուրքեր կսահմանի ամբողջ ռուսական նավթի համար։