Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել է ռմբակոծությամբ և երկրորդական պատժամիջոցներով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնության չգա միջուկային ծրագրի շուրջ. գրում է Reuters-ը։
«Եթե նրանք համաձայնագիր չկնքեն, կլինի ռմբակոծություն։ Դա կլինի այնպիսի ռմբակոծություն, որի նմանը նրանք երբեք չեն տեսել»,- ասել է Թրամփը:
«Կա հավանականություն, որ եթե նրանք համաձայնագիր չկնքեն, ես կկիրառեմ երկրորդական պատժամիջոցներ նրանց նկատմամբ, ինչպես արեցի չորս տարի առաջ»,- հավելել է նա:
Թրամփը լրագրողների հետ զրույցում նաև նշել է. «Հավանաբար, մենք կսպասենք մի քանի շաբաթ, և եթե որևէ առաջընթաց չտեսնենք, կկիրառենք պատժամիջոցները։Հիմա դրանք չենք կիրառում: Բայց եթե հիշում եք, ես դա արեցի վեց տարի առաջ, և այն շատ լավ աշխատեց», - ասել է նա:
Իրանը Օմանի միջոցով պատասխան է ուղարկել Թրամփի՝ Թեհրանին միջուկային նոր համաձայնագիր կնքելու կոչով նամակին՝ հայտարարելով, որ իր քաղաքականությունը մերժում է ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունները՝ առավելագույն ճնշման քաղաքականության և ռազմական սպառնալիքների պայմաններում: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան կիրակի օրը կրկնել է այդ դիրքորոշումը: