Բրիտանական պարբերականը հայտնում է, որ Թրամփը երեքշաբթի օրը Newsmax ծրագրի հաղորդավար Գրեգ Քելլիի հետ զրույցում ընդունել է, որ Ռուսաստանը, հավանաբար, ժամանակ է ձգում։ Նա հավելել է, որ ինքն էլ է նման մարտավարություն կիրառել իր բիզնես կարիերայում:
Թերթի տվյալներով՝ այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Թրամփի կողմից Պուտինի գործողությունների ըմբռնում: Բացի այդ, ԱՄՆ-ն հրաժարվել է հանել պատժամիջոցները ռուսական որոշ բանկերի նկատմամբ, և, թեև, դա չի համարվում կոշտ միջոց Ռուսաստանի դեմ, սակայն հասկացվում է, որ «բարեկամական մթնոլորտը տեղը զիջել է կոշտ առևտրին»:
Պարբերականը հայտնում է, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի գործընթացը հայտնվել է երկու կրակի՝ «Թրամփի անհամբերության և Պուտինի մեծամտության» արանքում: Միևնույն ժամանակ, Պուտինը, հավանաբար, թերագնահատում է Թրամփի բռնկուն բնավորությունը, վիրավորանքների հանդեպ նրա զգայունությունը և ձեռքում գտնվող տնտեսական ու ռազմական հզորությունը: