Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։
Ինչպես ընդգծել է Կալլասը, երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը հաստատում է այն փաստը, որ Ղազախստանն առաջին երկիրն է տարածաշրջանում, որը ստորագրել է Եվրամիության հետ Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագիրը։ Նա հայտարարեց Եվրահանձնաժողովի և Ղազախստանի միջև վիզաների տրամադրման ընթացակարգի պարզեցման վերաբերյալ համաձայնագրի կնքման ընթացակարգի մեկնարկի մասին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է աշխարհում տեղի ունեցող բարդ իրադարձությունների գնահատման հարցում զսպվածություն և պատասխանատվություն ցուցաբերելու առանձնահատուկ կարևորությունը՝ հաշվի առնելով աճող գլոբալ անկայունությունը։ Նրա խոսքով, Ղազախստանը հետևողականորեն հավատարիմ է մնում բոլոր սուր միջազգային խնդիրների և հակամարտությունների լուծումները դիվանագիտական բանակցությունների միջոցով փնտրելու դիրքորոշմանը։
Հանդիպմանը քննարկվել են նաև «Կենտրոնական Ասիա-ԵՄ» ձևաչափով համագործակցության հարցեր։