Միջազգային

Զախարովան հույս է հայտնել, որ ապաշրջափակման հարցերով հանձնաժողովը կսկսի գործել

Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կարևոր խնդիր լուծելու նպատակով, եռակողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների համաձայն, ստեղծվել է մասնագիտացված եռակողմ աշխատանքային խումբ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համար:

«Այդ շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթուղիների սահմանման ուղղությամբ՝ հիմնվելով փոխադարձության և ինքնիշխանության սկզբունքների վրա: Աշխատանքները ներառել են ինչպես իրավական հիմքերի, այնպես էլ տեխնիկական պարամետրերի համաձայնեցում: Այդուհանդերձ, մենք նկատում ենք արևմտյան երկրների ապակառուցողական ազդեցությունը: Բացի այդ, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները հաճախ հարցեր են առաջացնում մեզ մոտ: Այս երկու գործոնների պատճառով խմբի աշխատանքները կանգ են առել»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ խմբի գործունեությունը շուտով կվերսկսվի.

«Մենք համոզված ենք, որ այդ խմբում լիարժեք համագործակցության արագ վերսկսումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ համակարգի վերականգնմանը, այլև հնարավորություն կտա այն ինտեգրելու Եվրոպայից Ասիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ավելի լայնածավալ համակարգերին: Դա նաև կխթանի Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը»,- հավելել է նա: