Ռուսաստանը պատրաստ է համաձայնել Սև ծովում կրակի դադարեցմանը, սակայն դա կանի պատժամիջոցների վերացման դիմաց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Ռուբիոյի խոսքով, որոշ պայմաններ ներառում են այնպիսի պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ-ն չի սահմանել: «Այդ պայմաններից մի քանիսը ներառում են պատժամիջոցներ, որոնք սահմանվել են Եվրոպական Միության կողմից: Ուստի, երբ մեր մարդիկ վերադառնան, մենք կնստենք սեղանի շուրջ, կքննարկենք առաջարկները, կստանանք նրանց տպավորությունները խոսակցություններից, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե որն է Ռուսաստանի դիրքորոշումը և ինչ են ցանկանում ստանալ դրա դիմաց», - ասել է նա:
Նա հավելել է, որ այժմ ԱՄՆ-ն պետք է գնահատի Ռուսաստանի առաջ քաշած պահանջները: ԱՄՆ պաշտոնյաները կաշխատեն, որպեսզի «ավելի լիարժեք հասկանան, թե որն է Ռուսաստանի դիրքորոշումը կամ ինչ են նրանք խնդրում դրա դիմաց», իսկ հետո ռուսական դիրքորոշումը կներկայացնեն նախագահ Դոնալդ Թրամփին, որն էլ կորոշի ԱՄՆ-ի հետագա քայլերը, պարզաբանել է Ռուբիոն:
Նրա խոսքով, հրադադարի քննարկման փաստն արդեն դրական է: «Ես կարծում եմ, որ դա լավ է, որ և՛ ուկրաինացիները, և՛ ռուսները խոսում են կրակի դադարեցման մասին, կամ էներգետիկայի, կամ, հնարավոր է, Սև ծովի մասին», - ընդգծել է Ռուբիոն։