Միջազգային

Քայլեր են կատարվում Ռուսաստանին ֆուտբոլ վերադարձնելու համար. The Independent

ՈՒԵՖԱ-ն այժմ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանին միջազգային ֆուտբոլային մրցաշարեր վերադարձնելու համար, գրում է The Independent-ը: Պարբերականի աղբյուրների համաձայն՝ որոշ պաշտոնյաներ ցանկանում են դա անել «հնարավորինս շուտ»։

«Ոմանք կարծում են, որ Ռուսաստանն ընդհանրապես չպետք է հեռացվեր: Ներքին ճնշումը գնալով մեծանում է», - նշում է պարբերականը:

The Independent-ը հիշեցնում է, որ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանին հեռացրել են մրցաշարերից Ուկրաինա ներխուժման պատճառով՝ ելնելով բարոյական նկատառումներից: Հիշեցնենք, որ այդ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ եվրոպական առնվազն 12 ֆուտբոլային ասոցիացիաներ հրաժարվել էին հանդիպումներ անցկացնել Ռուսաստանի հետ:

Սովորաբար, նման իրավիճակներում այն երկիրը, որը հրաժարվում է խաղալ, ավելի մեծ ռիսկի է ենթարկվում: Սակայն այս դեպքում ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն ստիպված էին ընտրություն կատարել՝ հեռացնել 12 թիմի, թե միայն մեկին:

Պաշտոնյաները, ովքեր զբաղվում են ֆուտբոլով, կարծում են, որ նախ Ռուսաստանի վերադարձին կողմ կհանդես գա Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), այնուհետև՝ Հոկեյի միջազգային ֆեդերացիան: Դա ֆուտբոլի համար աջակցության ալիք կստեղծի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄՕԿ-ի նորընտիր ղեկավար Քիրսթի Քովենթրին հայտարարել էր, որ չի պատրաստվում երկրներին արգելել մասնակցել Օլիմպիական խաղերին պատերազմների պատճառով և բանակցություններ կսկսի Ռուսաստանի՝ խաղերին հնարավոր վերադարձի շուրջ: