Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվում է բազմակողմանի քաղաքական երկխոսություն, և համաշխարհային օրակարգի վերաբերյալ հարցերի մեծ մասում երկու երկրների մոտեցումները համընկնում են կամ շատ մոտ են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Երևանն ավանդաբար աջակցում և համահեղինակում է նացիզմի հերոսացման դեմ պայքարին վերաբերող ռուսական բանաձևերի մեծ մասը։ «Կան, իհարկե, որոշ չլուծված հարցեր, որոնք կարգավորման կարիք ունեն՝ հարաբերություններին չվնասելու համար: Այդ հարցերը մենք քննարկում ենք», - նշել է Զախարովան․ «Ռուսական կողմը կարծում է, որ Հայաստանում գիտակցում են Եվրասիական ինտեգրացիոն նախագծին մասնակցելու գործնական օգուտները և դրա կարևորությունը երկրի սոցիալ-տնտեսական կայունության ու անվտանգության համար»:
Զախարովան ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարները մշտական կապի մեջ են: Վերջերս Հայաստանի վարչապետն ընդունել է Մոսկվա այցելելու հրավերը՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Բացի այդ, նա հայտնել է, որ ապրիլին հայկական պատվիրակությունը կայցելի «Սիրիուս» կրթական կենտրոն՝ Ջերմուկում շնորհալի երեխաների համար ռուսական կրթական կենտրոնի բացումն արագացնելու նպատակով: