Միջազգային

Միրզոյանը հանդիպել է Տոկաևի հետ

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Երկրի ղեկավարը նշել է, որ նախագահների՝ նախորդ տարի կայացած փոխայցերը զգալի խթան են հանդիսացել հայ-ղազախական հարաբերությունների զարգացման համար: Նա կարևորել է Արարատ Միրզոյանի՝ որպես ՀՀ արտգործնախարարի առաջին պաշտոնական այցը Աստանա: Տոկաևը հավելել է, որ Ղազախստանը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ ընդգծելով, որ դա կնպաստի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը:

Իր հերթին, Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ երկու երկրներն ակտիվորեն աշխատում են նախագահ Տոկաևի՝ Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտրի, ներդրումների, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Ընդգծվել է, որ Ղազախստանը պատրաստ է 350 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ավելացնել Հայաստան մատակարարվող ապրանքների ծավալը: