Իսրայելական օդային հարվածների հետևանքով վերջին 24 ժամում Գազայում զոհվել է առնվազն 65 մարդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և երկու լրագրող․ հայտնել է Պաղեստինի առողջապահության մարմինը։
Ռազմական գործողությունները, որ մեկնարկել են անցյալ երեքշաբթի օրը, արդեն մոտ 700 մարդու կյանք են խլել։
Al Jazeera Mubasher հեռուստաալիքի լրագրող Հոսամ Շաբաթը սպանվել է Գազայի հյուսիսում: Ականատեսները հեռուստաալիքին հայտնել են, որ նրա մեքենան թիրախավորվել է Բեյթ Լահիյայի արևելյան հատվածում:
Նույն օրը ավելի վաղ Իսրայելի օդային հարվածի հետևանքով Գազայի հարավում՝ Խան Յունիսում, սպանվել է Palestine Today-ի թղթակից Մոհամմադ Մանսուրը:
Ականատեսների վկայությամբ՝ Մանսուրը թիրախավորվել է «իր տանը՝ կնոջ և որդու հետ միասին»՝ առանց որևէ նախնական զգուշացման:
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) անմիջապես մեկնաբանություն չի տրամադրել:
Ըստ Պաղեստինի լրագրողների միության՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 208 լրագրող և մեդիա աշխատակից: