Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ղեկավար Օզգյուր Օզելը հայտարարել է, որ ներքին փրայմերիզների ժամանակ գրեթե 15 միլիոն քաղաքացի Էքրեմ Իմամօղլուին առաջադրել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու։
«Նախագահական փրայմերիզներին մասնակցել է 1 միլիոն 653 հազար կուսակցական։ Քվեաթերթիկները չեն բավականացել, ծրարները՝ նույնպես։ Քվեարկության համար բավարար ժամանակ չի եղել։ Մենք երկարացրել ենք ժամանակը, տպել ենք լրացուցիչ քվեաթերթիկներ։ Դա, սակայն, բավարար չէր։ Չնայած 2 հազար 621 քվեատուփ դեռ չի հաշվարկվել, 13 միլիոն 210 հազար ձայն է տրվել համերաշխության քվեատուփերին։ Թեև բոլոր քվեատուփերը դեռ չեն մշակվել, Էքրեմ Իմամօղլուի ստացած ձայների թիվը կազմում է ավելի քան 14 միլիոն 850 հազար»,- հայտարարել է Օզելը։
Օզելը երկրի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել՝ ընդգծելով, որ ներկայիս քաղաքական իրավիճակը պահանջում է անհապաղ փոփոխություններ։ Արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կոչ է արել նաև Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը։
Բողոքի ակցիաները գիշերը ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով։ Ոստիկանները արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար։