Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը երկուշաբթի օրը վերականգնել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետ Հան Դակ-սուի լիազորությունները։ Հիշեցնենք, որ Հան Դակ-սուին գրեթե երեք ամիս առաջ ենթարկվել էր իմպիչմենտի։
Դատարանի դատավորները յոթ կողմ, մեկ դեմ հարաբերակցությամբ չեղարկել են իմպիչմենտի որոշումը։
Վճռից հետո Հանը անմիջապես վերադարձել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին։
«Ես երախտապարտ եմ Սահմանադրական դատարանի իմաստուն որոշման համար»,- վճռից հետո հայտարարել է Հանը՝ շնորհակալություն հայտնելով կառավարության անդամներին իրենց քրտնաջան աշխատանքի համար այն ժամանակ, երբ ինքը հեռացված էր պաշտոնից։
Նախագահ Յուն Սուկ Յոլի կողմից ռազմական դրություն հայտարարելը Ասիայի չորրորդ խոշոր տնտեսությունն ունեցող երկրին ներքաշել էր վերջին տասնամյակների ամենախոր քաղաքական ճգնաժամի մեջ։
Հանը պաշտոնավարել էր ընդամենը երկու շաբաթից էլ քիչ, սակայն դեկտեմբերի 27-ին ենթարկվել էր իմպիչմենտի և հեռացվել պաշտոնից ընդդիմության վերահսկողության տակ գտնվող խորհրդարանի հետ հակամարտության հետևանքով։ Վեճը ծագել էր այն բանից հետո, երբ Հանը հրաժարվել էր Սահմանադրական դատարանում նշանակել երեք լրացուցիչ դատավոր։
Հանը ստանձնել էր նախագահի ժամանակավոր պաշտոնը Յուն Սուկ Յոլի իմպիչմենտից հետո։ Նախագահն իմպիչմենտի էր ենթարկվել դեկտեմբերին՝ կարճ ժամանակով ռազմական դրություն հայտարարելու համար։