Այսօր՝ մարտի 21-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշում է իր 75-ամյակը։ Նա 21 տարի անընդմեջ զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ սկսած 2004 թվականի մարտի 9-ից։ Լավրովը գտնվում է աշխարհում ամենաերկար պաշտոնավարած արտաքին գործերի նախարարների ցանկում երրորդ տեղում։
Radar Armenia-ն ներկայացնում է ամենաերկար պաշտոնավարած արտաքին գործերի նախարարների թոփ հնգյակը։
Սաուդ Ալ-Ֆեյսալ (Սաուդյան Արաբիա)

Ամենաերկար պաշտոնավարած արտաքին գործերի նախարարը Սաուդ Ալ-Ֆեյսալն է՝ Սաուդյան Արաբիայից։ Նա պաշտոնավարել է 40 տարի՝ 1975-ից 2015 թվականներին։ Լինելով Սաուդյան թագավորական ընտանիքի անդամ և Ֆեյսալ թագավորի որդի՝ նա նշանակվել է 1975 թվականին՝ հոր սպանությունից հետո։ Նրա 40-ամյա ծառայությունը, որը ներառում է չորս թագավորների ժամանակաշրջանը, ընդգծում է Սաուդյան Արաբիայի կայուն միապետական համակարգը և նրա դերը Մերձավոր Արևելքի դինամիկայի կառավարման գործում։
Անդրեյ Գրոմիկո (ՍՍՀՄ)

Երկրորդ տեղում է ՍՍՀՄ արտաքին գործերի մինիստր Անդրեյ Գրոմիկոն։ Նա պաշտոնավարել է 28 տարի՝ 1957-85 թվականներին։ Գրոմիկոն սառը պատերազմի դարաշրջանում եղել է Սովետական Միության արտաքին գործերի մինիստր և կարևոր դեր է խաղացել սովետական արտաքին քաղաքականության ձևավորման գործում։
Նրա դիվանագիտական գործունեության կարգախոսն էր. «Ավելի լավ է 10 տարի բանակցություններ վարել, քան մեկ օր պատերազմել»։
Սերգեյ Լավրով (ՌԴ)

Սերգեյ Լավրովը, որը դեռևս պաշտոնավարում է, նշանակվել է 2004 թվականի մարտին։ Նրա կարիերան արտաքին գործերի նախարարությունում սկսվել է ՍՍՀՄ տարիներին՝ 1972 թվականին, երբ նա նշանակվել է Շրի Լանկայում ՍՍՀՄ դեսպանի կցորդ։ Նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ 1981-88 թվականներին եղել է ՄԱԿ-ում խորհրդատու և ՍՍՀՄ մշտական ներկայացուցիչ Նյու Յորքում։ Բորիս Ելցինի օրոք նա եղել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար, իսկ 1994-2004 թվականներին՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ։
Հալվարդ Լանգե (Նորվեգիա)

Նորվեգիայի արտաքին գործերի նախկին նախարար Հալվարդ Լանգեն պաշտոնավարել է 19 տարի՝ 1946-63 թվականներին, կարճ ընդմիջումով։ Լանգեի ծառայությունը ներառել է հետպատերազմյան վերականգնման ժամանակաշրջանը։ Նրա դերը ՆԱՏՕ-ում և սկանդինավյան համագործակցության գործում ընդգծում է Նորվեգիայի կայուն դեմոկրատական համակարգը, որը հնարավորություն է տվել երկարաժամկետ պաշտոնավարելու։
Ջավահարլալ Ներու (Հնդկաստան)

Թոփ հնգյակը եզրափակում է Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն։ Նա արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 17 տարի և 8 ամիս՝ 1946-64 թվականներին։ Ներուն անկախության սկզբնական տարիներին ձևավորել է Հնդկաստանի ոչ կողմնակալ արտաքին քաղաքականությունը։
Պատրաստեց Արման Գալոյանը