Միջազգային

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հրադադարի մոնիթորինգն առանցքային է, բայց ՆԱՏՕ-ն մնում է լավագույն երաշխիքը։ 

«Հրադադարի մոնիթորինգ պետք է իրականացնեն այն երկրները, որոնց հետ Կիևն արդեն համագործակցում է հետախուզության ոլորտում։ Սակայն անվտանգության երաշխիքների ամենաարդյունավետ ձևաչափը ՆԱՏՕ-ն է»,- ասել է Զելենսկին։

Նա նաև խոսել է երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայում սպասվող ԱՄՆ-ի և Ուկրաինայի տեխնիկական խմբերի հանդիպման մասին։ 

«Կարծում եմ՝ լավ կլինի, որ հանդիպումն ավարտվի ինչ-որ արդյունքով, որը մեզ կմոտեցնի հրադադարի ամբողջական դադարեցմանը: Ուկրաինան ի սկզբանե պաշտպանել է անվերապահ հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը, քանի որ դրա համար տեխնիկական մակարդակով լրացուցիչ հանդիպումներ չեն պահանջվում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև ընդգծել է, որ տեղյակ է Թրամփ-Պուտին բանակցություններին։ 

«Թրամփն ինձ ասել է, թե ինչի մասին է խոսել Պուտինի հետ։ Մասնավորապես, զրույցն ընթացել է հրթիռներ և հեռահար այլ զենքեր չօգտագործելու, էներգետիկ օբյեկտներին և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին չհարվածելու մասին»,- ասել է նա և հավելել, որ անհրաժեշտ է որոշել, թե ի՞նչ է ներառված «քաղաքացիական այլ ենթակառուցվածքներում»։