ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով մեկնարկել է ԱՄՆ կրթության դեպարտամենտի լուծարման գործընթացը։
«Կրթական ցուցանիշների բարելավում՝ ծնողների, նահանգների և տեղական համայնքների լիազորությունների ընդլայնման միջոցով» խորագրով հրամանագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը: Միջոցառմանը ներկա են եղել նահանգապետեր, ԱՄՆ նահանգների կրթական մարմինների ներկայացուցիչներ և աշակերտներ: Հանդիպման համար Օվալաձև գրասենյակում կահավորվել էր դպրոցական դասասենյակ՝ Թրամփի համար առանձին սեղանով:
«Մենք պատրաստվում ենք այն փակել հնարավորինս շուտ, քանի որ այն մեզ ոչ մի օգուտ չի բերում»,- հայտարարել է Թրամփը: Նա և հանրապետականների մեծ մասը վաղուց պնդում են, որ նախարարությունը պետք է փակվի, սակայն դրա լիակատար լուծարումը պահանջում է Կոնգրեսի հավանությունը, ինչը, Վաշինգտոնում BBC-ի թղթակիցների կարծիքով, քիչ հավանական է:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն կրթության ոլորտում ավելի շատ գումար է ծախսում, քան աշխարհի ցանկացած այլ երկիր, սակայն ամերիկացի աշակերտները «առաջադիմության ցուցանիշներով վերջին տեղերում են»: «Թեև նախարարությունը ոչ ոքի չի ուսուցանում, այն ունի հանրային կապերի բաժին՝ ավելի քան 80 աշխատակիցներով, ինչը տարեկան ավելի քան 10 միլիոն դոլար է արժենում: Նախարարության փակումը երեխաներին և նրանց ընտանիքներին հնարավորություն կտա ազատվել իրենց հաշմանդամի մեջ դրած համակարգից: Դաշնային բյուրոկրատիան կրթության ոլորտում չի աշխատում»,- նշված է հրամանագրում:
Արարողության ընթացքում Թրամփը գովեստով է խոսել կրթության դեպարտամենտի ղեկավար Լինդա Մակմենի մասին, ում ինքն էր նախկինում նշանակել այդ պաշտոնում, և հույս հայտնել, որ նա կդառնա վերջին նախարարը: Նա նաև խոստացել է նրա համար այլ աշխատանք գտնել վարչակազմում: