Միջազգային

Լուլա դա Սիլվան կրկին կառաջադրվի

Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կմասնակցի 2026 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ֆերնանդու Ադադը:

«Ես կարծում եմ, որ բանավեճն այն մասին, թե ով է լինելու աշխատավորների կուսակցության թեկնածուն հաջորդ տարի, արդեն ավարտվել է: Այսօր նախագահ Լուլա դա Սիլվայի շուրջ համախմբվածություն է տիրում», - ասել է նա Globo News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հունվարին O Globo թերթը նշել էր, որ Բրազիլիայի առաջնորդը կսկսի պատրաստվել ընտրություններին մոտ ժամանակներս:

Լուլա դա Սիլվան ծնվել է 1945 թվականին Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Պերնամբուկո նահանգում: 1980 թվականին քաղաքական գործիչը դարձավ աշխատավորների կուսակցության հիմնադիրը, որից հետո ընտրվեց նախագահ և պաշտոնավարեց երկու անընդմեջ ժամկետ՝ 2003-2011 թվականներին:

2022 թվականին նա երրորդ անգամ հաղթել է գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուին և նախագահական պաշտոնին վերադարձել 2023 թվականի հունվարի 1-ին: