Միջազգային

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը փակ է

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը փակվել է։ Այն այսօր ողջ օրը փակ կմնա՝ օդանավակայանը էլեկտրաէներգիայով սնող ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, հայտնում են օդանավակայանի ներկայացուցիչները։

«Էլեկտրական ենթակայանում առաջացած հրդեհի պատճառով «Հիթրոու»-ում տեղի են ունենում էլեկտրամատակարարման լուրջ խափանումներ։ Ուղևորների և անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար օդանավակայանը փակ կմնա մինչև մարտի 21-ի ժամը 23:59-ը»,- նշված է օդանավակայանի պաշտոնական կայքում։

Ուղևորներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես խուսափել օդանավակայան այցելելուց և կապ հաստատել իրենց ավիաընկերությունների հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։

«Հիթրոու»-ն Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայաններից մեկն է։ Հրդեհից հետո այնտեղ ուղղված չվերթերը վերահասցեագրվել են այլ օդանավակայաններ։