Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ վերջերս կայացած զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը անակնկալ հետաքրքրություն է հայտնել ուկրաինական ատոմային էլեկտրակայանների նկատմամբ։ Այս հայտարարությունը քննարկումների տեղիք է տվել, գրում է The New York Times-ը։
«Միացյալ Նահանգները կարող է շատ օգտակար դեր խաղալ այդ կայանների կառավարման գործում՝ էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների ոլորտում իր փորձի շնորհիվ», - ասվում է Սպիտակ տան պաշտոնական հայտարարության մեջ։
Պարբերականը նշում է, որ ուկրաինական ատոմակայանները, որոնք կառուցվել են դեռ խորհրդային տարիներին, դարձել են երկրի էներգահամակարգի հիմքը պատերազմական շրջանում՝ ապահովելով էլեկտրաէներգիայի մինչև 66%-ը։
Պատերազմի պայմաններում Ուկրաինան նախաձեռնել է նոր միջուկային ռեակտորների կառուցումը՝ որպես էներգետիկ անվտանգության երկարաժամկետ ապահովման միակ միջոց։ Այդ գործընթացում կարող են ներգրավվել ամերիկյան բիզնես շահերը։
Պատերազմի մեկնարկից առաջ ամերիկյան Westinghouse ընկերությունը համաձայնագիր է ստորագրել «Էներգոատոմի» հետ հինգ ռեակտորների կառուցման վերաբերյալ։ Ռուսական ներխուժումից հետո այդ թիվը հասել է 9-ի, և պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայում ավելի փոքր միջուկային կայաններ ստեղծելու վերաբերյալ։
Westinghouse-ի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Զապորոժիեի ատոմակայանը։ Պատերազմից առաջ կայանը օգտագործում էր այդ ընկերության վառելիքն ու տեխնոլոգիաները։ 2022 թվականին Ռուսաստանի կողմից դրա գրավումից հետո մտահոգություններ են առաջացել Westinghouse-ի մտավոր սեփականության հնարավոր առևանգման վերաբերյալ։
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը 2023 թվականին պաշտոնապես նախազգուշացրել է «Ռոսատոմին» Զապորոժիեի ԱԷԿ-ում Westinghouse տեխնոլոգիաների օգտագործման դեպքում հնարավոր իրավական հետևանքների մասին։